ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԱՄՆ-ը ստիպված կլինի փնտրել «նոր հին» գործընկերներ

ԱՄՆ-ը ստիպված կլինի փնտրել «նոր հին» գործընկերներ
22.01.2013 | 00:52

Թեմայի շուրջ դատողություններ անելուց առաջ հարկ է ճշտել, թե ինչ նպատակներ են հետապնդում միմյանց հանդեպ ԱՄՆ-ն ու Իրանը։ Անզուսպ քարոզչության կեղծ փայլի և իրար որպես բացարձակ չարիք ներկայացնելու փորձերի հետևում ավելի ու ավելի են երևում այդ պետությունների իսկական շահերը։
Կասկած չկա` նրանք ուզում են կարգավորել ու վերականգնել հարաբերությունները, և այդ նպատակը տեղ ունի նրանց ռազմավարություններում։ Իրանը խնդիր է դնում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու առավելագույնս բարենպաստ պայմաններում և այդ հարաբերություններից իր քաղաքականության կախում և որևէ պայմանավորում թույլ չտալու։ Չնայած վերջին 20 տարում, այսինքն` Իրաքի հետ պատերազմի ավարտից հետո, Իրանի տնտեսական զարգացման տպավորիչ արդյունքներին, նրան այդպես էլ չի հաջողվել լուծել տնտեսական և սոցիալական խնդիրները, ինչը պայմանավորված է հայտնի գործառական ու տնտեսական շրջափակմամբ, որ նախաձեռնել ու վերահսկում է ԱՄՆ-ը։ Իրանին քաղաքական և տնտեսական հարաբերությունների գծով ինչ-որ այլընտրանք առաջարկելու եվրոպական առաջատար պետությունների փորձերից հետո եվրոպացիները վերջին մեկ-երկու տարում, փաստորեն, միացել են շրջափակմանը, ինչը նկատելիորեն անդրադարձել է արտաքին ներդրումների ծավալների ու մտադրությունների վրա։ Հարկ է նշել նաև, որ Իրանի տարածաշրջանային շրջափակում կազմակերպելու մի շարք անհաջող փորձերից հետո, ԱՄՆ-ին, այնուամենայնիվ, հաջողվեց իրականացնել այդ ծրագիրը, քանի որ Իրանի մի շարք հարևան երկրների շահագրգռեց այդ շրջափակումը։ ՈՒ թեև հարևան երկրների մեծ մասի հետ Իրանի տնտեսական և քաղաքական հարաբերությունները շարունակում են զարգանալ, Իրանն այն զգացողությունն ունի, թե բառացիորեն շրջապատված է հակառակորդներով, որոնք սերտորեն համագործակցում են ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Իսրայելի հետ։ Դրա հետ մեկտեղ, Բ. Օբամայի վարչակազմի գլխավոր նվաճումն Իրանի առնչությամբ Ռուսաստանի հետ ձեռք բերված որոշակի սկզբունքային պայմանավորվածություններն են։ Վերջին ամիսներին Ռուսաստանը ցույց է տալիս, որ ուզում է ԱՄՆ-ի հետ փոխադարձ զիջումների գնալ, նախ և առաջ, ՌՀՍ-1-ի, Եվրոպայում ՀՀՊ-ի տեղակայման, Աֆղանստանի ուղղությամբ օդային միջանցքի շուրջ, և ինչպես պարզվեց ամենավերջին շրջանում, զիջումների ու առավելությունների համակարգին ավելացել է Կասպից ծովի ավազանի բաժանման խնդիրը։ Այս ամենը չափազանց շատ է թվում այն կարճ ժամանակամիջոցի համար, որ անցել է ԱՄՆ-ի քաղաքականության մեջ «վերաբեռնման» հայեցակարգի ընդունումից հետո։
Ռուսաստանը ծայրաստիճան բարդ վիճակում է, եթե նկատի ունենանք ոչ միայն հրատապ տնտեսական խնդիրները, այլև արտքաղաքական և սոցիալ-տնտեսական միջնաժամկետ հեռանկարը։ ՌԴ-ն սոցիալական, ժողովրդագրական և տնտեսական խոր ճգնաժամի մեջ է և գործընկերության կարիք ունի Արևմտյան ընկերակցության` ինչպես Եվրամիության, այնպես էլ ԱՄՆ-ի հետ։ Ռուսական գործուն վերնախավը հասկացել է, որ ԱՄՆ-ի հետ հետագա առճակատումը ոչ մի դրական բանի չի հանգեցնի, և, չնայած ԱՄՆ-ի բազմաթիվ խնդիրներին, Ռուսաստանը, իհարկե, տանուլ կտա այդ անիմաստ դիմակայությունը։ Միաժամանակ, Իրանի հետ հարաբերությունները լի են բազմաթիվ խնդիրներով, ու դրանց ոչինչ չի սպառնում, քանի որ, Մոսկվայի ենթադրությամբ, Իրանի հանդեպ անգամ ամենակոշտ վերաբերմունքի դեպքում նա չի հեռանա Ռուսաստանից, որն Իրանին պետք է որպես սպառազինությունների, ավիացիայի ու տեխնոլոգիաների առաջատար մատակարար։ Ռուսաստանն Իրանը «հանձնեց», ինչպես ասում են, մեծ հաշվով, այսինքն` արմատական հարցերում։ Ռուսաստանը համաձայնություն հայտնեց ԱՄՆ-ի ու եվրոպական առաջատար պետությունների հետ միաբան հանդես գալու Իրանի խնդիրների առնչությամբ, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում։ Ռուս քաղգործիչները ձգտում են օգտվել Բ. Օբամայի առաջարկություններից ու մտադրություններից, քանի որ հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենա ԱՄՆ-ի քաղաքականությունն ապագայում։ ԱՄՆ-ի համար Ռուսաստանի դիրքորոշումը խիստ կարևոր է, որովհետև ամերիկացիները տեսել են, թե որքան ապարդյուն են եղել թե՛ Բ. Քլինթոնի, թե՛ Ջ. Բուշի քաղաքական ջանքերն Իրանի «սանձման» առումով, երբ Ռուսաստանը գլխավոր խոչընդոտ էր այդ խնդրի լուծման ճանապարհին։ Ա. Գոր-Վ. Չեռնոմիրդին համաձայնագրի լուծարումից հետո, այսինքն` արդեն ավելի քան 16 տարի, Իրանը դեռ չէր հանդիպել իր հանդեպ Ռուսաստանի այդքան կոշտ դիրքորոշման, այդ թվում` զինամատակարարումների հարցում։ Սակայն Իրանի համար ամենավիրավորականն այն էր, որ իրեն ռուսական C-300 հակաօդային պաշտպանության համալիրների մատակարարումը մերժելու գործում առանցքային դեր էր խաղացել Իսրայելը։ Ռուսաստանը հուսով է, որ ապագայում հնարավոր կլինի վերադառնալ Իրանի հետ նախկին հարաբերություններին, սակայն դա այնքան էլ միարժեք չէ։ Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի այդ քաղաքականությունը նկատելի փոփոխությունների կհանգեցնի տարածաշրջանային իրավիճակում և ԱՄՆ-ի վարքագծում, նրա ռազմավարության մշակման և կիրառման, ինչպես նաև ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում ուժերի տեղաբաշխման գործում։ Դիտարկենք հետևյալ վարկածները։
Վերջին տարիներին ԱՄՆ-ը բավական համակարգային, բայց, այնուամենայնիվ, խիստ անվստահ քաղաքականություն էր վարում Թուրքիայի նկատմամբ, ելնելով հենց Ռուսաստանի ու Իրանի հետ իր հարաբերություններից։ Թուրքիայի արտքաղաքական և պաշտոնական հավակնությունների զսպման ԱՄՆ-ի քաղաքականությունը մեծ մասամբ կախված է եղել Ռուսաստանի ու Իրանի դիրքորոշումից, որոնք, փաստորեն, փորձում էին դրա վրա իրենց խաղը կառուցել։ Այդ քաղաքականությունը, որի հիմքերը գցել էր Ջ. Բուշի վարչակազմը, ապաշնորհ և անձեռնհաս կերպով շարունակեց Բ. Օբամայի վարչախումբը։ Բայց ԱՄՆ-ը երբեք չի կարողանա լիովին իրագործել Թուրքիայի վերաբերմամբ իր ծրագրերը, քանի դեռ չկան բավականաչափ որոշակի պայմանավորվածություններ Ռուսաստանի հետ, և տեղի չի ունեցել առնվազն մեղմացում Իրանի հետ առճակատման հարցում։ Ամերիկյան վերլուծական ընկերակցությունն ինքն էլ բավարար հստակությամբ չի պատկերացնում, թե Թուրքիայի առնչությամբ իրենց ձեռնարկած երկարաժամկետ քաղաքականությունը որքանով է կախված Իրանի դիրքորոշումից։ Թուրքիայի արտքաղաքական ջանքերի շրջափակումը, հատկապես Մերձավոր Արևելքի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, շատ ցանկալի է Իրանի համար։ Իրանցիները վաղուց են հասկացել, որ Ռուսաստանը չի կարող միայնակ լուծել Եվրասիա Թուրքիայի թափանցման ճանապարհը փակելու հարցը։ Թեհրանում ըստ արժանվույն են գնահատել Կովկասում ու Կենտրոնական Ասիայում Թուրքիայի դիրքերի ուժեղացում թույլ չտալու ԱՄՆ-ի ընդունակությունն ու մտադրությունը։ Դրա հետ մեկտեղ, Իրանը հասկանում է, որ եթե ԱՄՆ-ը շահագրգռված լինի տարածաշրջանում իր հակառակորդների նկատմամբ ճնշումներ բանեցնելով, ապա կարող է շատ հեշտորեն այդ քաղաքականությանը միացնել Թուրքիան։ Սա դարձել է խաղային մի իրավիճակ, որտեղ Իրանի համար ավելի ու ավելի է դժվարացել սեփական խաղն անելը։
Իրանի և ԱՄՆ-ի նույնիսկ ոչ այնքան նշանակալի մերձեցումը թույլ կտա կտրուկ և տևականորեն նվազեցնել Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը, կասկածի տակ դնել որպես տարածաշրջանային մեծապետություն նրա նշանակությունը, սահմանափակել նրա աշխարհատնտեսական հնարավորությունները մի շարք տարածաշրջաններում, ուր գտնվում են նրա բազային տնտեսական շուկաները։ Թեհրանն ու Անկարան վերստին ձգտում են խորհրդակցել և համաձայնեցված քաղաքականություն իրականացնել։ Բայց իրականում այդ հարաբերություններն անկեղծ չեն և չեն հանգեցնի մի որևէ դաշինքի ստեղծման։ Իրանը լավ է պատկերացնում Մեծ Մերձավոր Արևելքի պետությունների շահերն ու վաղուց նշել է հարաբերությունների զարգացման գերակայությունները։ Իրանը բավական խանդով է նայում տարածաշրջաններում Թուրքիայի գործադրած ջանքերին ու երբեք սկզբունքային զիջումների չի գնա նրա հետ հարաբերություններում։
Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավումը նրան թույլ կտա արմատապես վերանայել Մերձավոր Արևելքում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում քաղաքական ու ռազմական ներկայության ամբողջ ձևաչափը, և որ ամենագլխավորն է, լուծել Աֆղանստանում և Պակիստանում առկա խնդիրները։ Իրանն օբյեկտիվորեն տարածաշրջանային քաղաքականության մեջ ԱՄՆ-ի առաջնային գործընկերն է, և այդ բանն ավելի ու ավելի շատ են սկսում հասկանալ ոչ միայն ամերիկյան վերլուծաբաններն ու քաղնախագծողները, այլև քաղաքական ամբողջ վերնախավը, որը ներառում է հասարակության բավական լայն խավեր։ Ներկայումս ամերիկացիներն ավելի ու ավելի ուշադրությամբ են խորամուխ լինում և իմաստավորում Իրանի խնդիրներն ու սկսել են ավելի մեծ ուշադրություն նվիրել փորձագետների դերին ու գնահատականներին, իսկ հասարակական-քաղաքական բանավեճն Իրանի առնչությամբ Վաշինգտոնում սկսել է ձեռք բերել մեկ այլ, ավելի բովանդակալի բնույթ։ Սակայն Իրանի հետ բնականոն և քիչ թե շատ վստահելի հարաբերությունների բացակայությունն ԱՄՆ-ին կստիպի փնտրել «նոր հին» գործընկերներ, օգտվել նրանց ծառայություններից, դրանով իսկ կասկածի տակ դնել ավելի մեծ հեռանկարում ամերիկյան քաղաքականության համարժեքությունն ու արդյունավետությունը։
Կասկածի տեղիք չի տալիս այն, որ ԱՄՆ-ն իր քաղաքականությունը Մեծ Մերձավոր Արևելքում կառուցում է, հաշվի առնելով ուժի տարածաշրջանային մի շարք «բևեռների» իրական գոյությունը, այսինքն, այնպիսի պետությունների առավելությունները, ինչպիսիք են Եգիպտոսը, Սիրիան, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Իրանն ու Պակիստանը։ Ամերիկացիներին հաջողվեց Իրաքը երկար ժամանակով, ավելի ճիշտ ընդմիշտ, հանել տարածաշրջանի առանցքային պետությունների շարքից, և «հանվելու» թեկնածու է նաև Սիրիան, բայց առանց Սիրիայի ու Իրաքի նախկին կարգավիճակի Եգիպտոսի համար դժվար, գրեթե անհնար կլինի պահպանել տարածաշրջանային մեծապետության կարգավիճակը։ Արաբական պետությունների պարագլուխ կդառնա Սաուդյան Արաբիան, որն այնքան խոցելի է, որ ի վիճակի չէ գոյատևելու առանց ԱՄՆ-ի համակողմանի աջակցության։ Արաբական աշխարհն արդեն ցուցադրել է իր բարեհաճությունն ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ ու դրան միանալու պատրաստակամությունը, և տարածաշրջանում ԱՄՆ-ի համար շուտով կմնա երկու խնդիր` Թուրքիան և Իրանը։ ՈՒստի լիովին կարելի է հնարավոր համարել, որ ԱՄՆ-ը կձգտի տարածաշրջանում վարել «հաղորդակից անոթների» քաղաքականություն, կամ «կրկնակ զսպման» քաղաքականություն, նկատի ունենալով Թուրքիան և Իրանը։ Նմանօրինակ և բավական հաջող քաղաքականություն ԱՄՆ-ը վարել է Իրաքի և Իրանի նկատմամբ, ինչը ամերիկացիներին զորաշարժի հսկայական հնարավորություններ տվեց։ Դա շատ արդյունավետ ռազմավարություն է, որը ոչ միայն խուսավարման հնարավորություն է ընձեռում, այլև թույլ է տալիս այդ քաղաքական ռազմավարությանը «կապել» ուրիշ շատ պետություններ։
Ինչպես ցույց է տալիս փորձը, «կրկնակ զսպման» քաղաքականությունը, այդուամենայնիվ, ենթադրում է որոշ նախապատվություններ։ Օրինակ, Իրաքի և Իրանի առնչությամբ ԱՄՆ-ը վարել է Իրաքի նախապատվության քաղաքականություն, ինչը հնարավորություն ընձեռեց ապահովելու արաբական աշխարհի համակրանքն ու բարեհաճությունը։ Եթե Թուրքիան անվերապահ առավելություն ունենար Մերձավոր Արևելքում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ապա, հնարավոր է, Թուրքիա-Իրան զույգում ամերիկացիները նախապատվությունը տային Թուրքիային։ Բայց նման բան չկա, և ամերիկացիներն առիթ չունեն նախապատվությունը տալու Թուրքիային` ի վնաս Իրանի։ ԱՄՆ-ը կպահպանի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, խուսանավելով և ձգտելով նախապատվությունը տալ այս կամ այն կողմին` նայած իրավիճակին։ Իհարկե, Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների վաղեմի գործընկերն է և էապես ինտեգրված է Եվրամիությանը, բայց այդ հանգամանքները հետզհետե ավելի են կորցնում իրենց նշանակությունը։ Իսկ Իրանը, անկասկած, աշխարհաքաղաքական առավելություններ ունի, սահմանակից լինելով Հարավային ու Կենտրոնական Ասիային, Կասպից ծովին և Պարսից ծոցին։ Ըստ էության, այն տարածաշրջաններում, ուր ձգտում է գերիշխել Թուրքիան, այսինքն, Բալկաններում, Սև ծովում, Կովկասում և Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ը նրա ծառայությունների կարիքը չունի, ընդհակառակը, այստեղ Թուրքիան հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի մրցակից և անգամ, փաստորեն, հակառակորդ։
Այսպիսով, Ռուսաստանի կողմից Իրանի «հանձնման» հետևանքով, համենայն դեպս, որոշ ժամանակով, նվազում է վերջինիս դերն ու նշանակությունը տարածաշրջանային և համաշխարհային առումով։ Դա հնարավորություն է տալիս որոշ չափով թուլացնելու աննախադեպ ճնշումն Իրանի վրա, ինչն արդեն զգացվում է նրա վարքագծում։ Նա աշխատում է որոշ զիջումների և հանդուրժողական վերաբերմունքի միջոցով եվրոպական պետություններին ցույց տալ, որ իր հետ կարելի է հարաբերություններ կառուցել նաև առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Բայց այդ քաղաքականությունը հեռանկար չունի, քանի որ Եվրոպայի առաջատար պետություններն արդեն փորձարկումներ չեն անի Իրանի հետ խաղերում, որովհետև բացարձակապես ոչնչի չհասան վերջին տասը տարում։ Իրավիճակը կառավարում է ԱՄՆ-ը և նախաձեռնությունն արդեն չի տա եվրոպացիներին, քանի որ Ռուսաստանի ներկա քաղաքականությունը, փաստորեն, ամբողջացնում է Իրանի շրջափակումը։ Սրան պետք է ավելացնել, որ Ռուսաստանի վրա ևս մեկ խնդիր է դրվում` Չինաստանը ներգրավել այդ «իրանական ակումբի» մեջ` նպատակ ունենալով լիովին զրոյացնել այդ շրջափակումը ճեղքելու Իրանի փորձերը։ ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի այս ամբողջ քաղաքականությունը կառուցվում է, ելնելով այն հեռանկարից, երբ կհաջողվի Իրանին թելադրել ենթակա վիճակ և, Արևմտյան ընկերակցության տեսակետից` համարժեք վարքագիծ։ Բայց ներկայումս Արևմուտքին ժամանակավորապես պետք եկավ Թուրքիան, որպեսզի իրեն թույլ տա անտեսելու Իրանի դերը։ Թե ինչքան կտևի այդ հերթական փորձը, դժվար է ասել, ավելի ճիշտ` անհնար։ Թուրքիայի կողմից այդ ծառայությունն այնքան էլ հասկանալի և առարկայական չէ։ Պետք է ենթադրել, որ Արևմտյան ընկերակցությունն ու Ռուսաստանը կփորձեն Իրանին ցույց տալ, թե Թուրքիան «իրենց հետ է», և նա արդեն չի կարող որևէ մեկի վրա հույս դնել շրջափակումը ճեղքելու համար։ Բայց սա էլ միարժեքորեն այլընտրանքային ելք չէ, քանի որ Թուրքիան այդ խնդիրը կկատարի մեծ դժկամությամբ, բայց հարկադրված։ Համենայն դեպս, Ռուսաստանի այդ վարքագիծը, այսպես թե այնպես, հանգեցնում է ԱՄՆ-ի ու Եվրամիության համար Իրանի դերի մեծացումը հետաձգելուն և Արևմուտքի ու Ռուսաստանի համար Թուրքիայի ժամանակավոր պահանջարկվածությանը։
Եվ եթե այդ հանգամանքները վատացնեն Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները, ապա դրա հետևանքով կխարխլվեն որոշ ենթակառուցվածքային նախագծեր, որոնցով խիստ շահագրգռված է Հայաստանը։ Խոսքը գազամատակարարման նախագծի իրականացման, հարավային երկաթգծի կառուցման մասին է, թեև Իրանը պակաս շահագրգռված չէ այդ նախագծով։ Ո՛չ աղետներ կլինեն, ո՛չ լուրջ տարաձայնություններ, բայց որոշ ծրագրեր կարող են վերանայվել, և դրանց իրագործումը կարգելակվի։ Բայց դա, ըստ էության, աննշան հարց է այն բանի համեմատ, որ ռուս-հայ-իրանական դաշինքի ձևավորման բոլոր հույսերը կարող են հօդս ցնդել, ընդ որում, անվստահությունն այդ երկրների միջև կաճի, և «երրորդ ուժը» տարածաշրջանում կհաղթի բոլորին, առաջարկելով Արևմուտքի տեսակետից ավելի համարժեք հեռանկար։ Միաժամանակ, այնպիսի խոշոր պետություն, ինչպիսին Իրանն է, չի կարող երկար մնալ առանց արտաքին առաջարկությունների ու դրական նախաձեռնությունների։ Իրանը կարող է Ռուսաստանի «դավաճանությանը» պատասխանել «ցատկ կատարելով» ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման կողմը, ինչը կհանգեցնի այն բանին, որ Թուրքիայի շատ «գործառույթներ» կփոխանցվեն Իրանին, որը պատրաստ կլինի կատարելու շատ առաջադրանքներ` նոր դիրքեր ու նոր գործընկերներ ձեռք բերելու համար։ 1992-2009 թթ. ընթացքում Ռուսաստանն առնվազն երեք անգամ «դավաճանել է» Իրանին, զիջումներ անելով մե՛կ ԱՄՆ-ին, մե՛կ Եվրամիությանը, մե՛կ Իսրայելին։ Դա չի կարող երկար շարունակվել, առավել ևս, որ տարածաշրջանում ավելի ու ավելի են ուժեղանում Չինաստանի դիրքերը, որն Իրանից տարեկան 80-90 մլն տոննա նավթ է ներմուծում և կցանկանա Իրանի վրա ճնշում գործադրել` միայն հետագա ավելի սերտ հարաբերությունների ակնկալիքով։
Մեր կարծիքով, Ռուսաստանի կողմից Իրանի շահերի անտեսումը կարագացնի ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների կարգավորումը, ինչը նկատելի փոփոխություններ կմտցնի Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և այլ տարածաշրջաններում, և հատկապես Աֆղանստանում, ուր Իրանն ավելի միաբան կլինի ԱՄՆ-ի հետ։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ